KarenBlog`լավագույն բլոգը համացանցում:Այստեղ դուք կգտնեք ձեզ անհրաժեշտ ամեն ինչ:

Translate

пятница, 28 марта 2014 г.

Բանաստեղծություններ

                     

                                 
                         

 Նամակ 

Սեղանիս վրա դատարկ նամակն այս, 
Գնալուց առաջ որ դու ես թողել
Եվ հրաժեշտի խոստումը այդ սուտ, 
Որ որոշել եմ էլ քեզ չսիրել,
Այստեղ սենյակում, որտեղ շատ օրեր,
Մենք զրուցել ենք մինչև առավոտ,
Որտեղ մեր վերջին շունչը չի կորել, 
Տարրալուծվում է անկուշտ մի կարոտ։
Եվ կիսատ, ինչպես շատերը կասեն, 
Ես ծամում եմ իմ մազերը երկար,
Ես հավաքում եմ իմ հայելիների
Արտացոլանքի ժպիտը տկար,
Եվ հորինում եմ, թե ամեն բան էլ
Այս կյանքում գալիս ու անցնում է լուռ,
Եվ այդ լռության հորինած ցավում
Ես մեզ եմ գտնում լքված ու տխուր։
Ի՛մ տարերք, ի՛մ հող, ի՛մ ջուր, օ՛դ , կրա՛կ, 
Լսում ես հիմա, ես քեզ եմ կանչում,
Ու իմ ձեռքերով հորինած ցավից
Ես վախենում եմ, բայց չեմ ամաչում։
Դու գիտես՝ որքան հպարտ է հոգիս
Ու ինչքան սառն են դատում մտքերս,
Բայց ինչպես առաջ, մնա դու կողքիս 
Եվ նուրբ խնամքով շոյիր հետքերս։
Դու գիտես՝ որքան հպարտ եմ, ի՛մ սեր,
Եվ գիտես, որ ես չեմ վերադառնում,
Բայց գիտես նաև, որ այս նոր խաղում 
Ես ոչ ապրում եմ, ոչ էլ մահանում։
Իսկ հետո նորից գիշերը հանդարտ
Կփոխվի մի նոր ցուրտ առավոտի,
Եվ մեզ, սիրելի՛ս, կսպասվի նորից
Մի երկար գիշեր անզուսպ կարոտի...
Մենք գիտենք՝ որքան դժվար է հիմա 
Սիրել ու լինել իրարից հեռու,
Ես եմ հեռացել, բայց դու՛ ետ դարձիր, 
Խոստացի՛ր, որ էլ չեմ հեռանալու։

Ընկերները


Երբեք հենց այնպես ոչ ոք այս կյանքում քեզ չի գա այցի,
Հեռացումներից դու միշտ էլ սպասիր ինչ-որ ետ դարձի,
Այդ անունները մեկ-մեկ քո մտքով կգան ու կանցնեն,
Որ քո խունացող հիշողության մեջ հուշեր արթնացնեն…
Կհիշես ցավով կամ էլ ժպիտով, կգտնես կամ ոչ,
Նրանք կթվան քեզ շատ կարևոր կամ հյուրեր անկոչ,
Եվ կիսատ բառեր, խոսքեր կամ երազ կլսես աղոտ,
Ու քո մեջ քեզնից անկախ դու կզգաս մի քաղցր կարոտ…
Որ քեզ լքեցին, որ քեզ փրկեցին, մատնեցին կամ էլ,
Որ քեզ ներեցին կամ սովորեցրին հիշաչար լինել,
Այդ ընկերները, որ ինչ-որ մի լույս թողեցին քո մեջ,
Կլինեն կյանքում երբեք չթերթված, անավարտ մի էջ...


Եթե հանդիպես...

Եթե հանդիպես անհաջողության,
Հիշիր ամեն մարդ ճաշակել է այն,
Չի եղել մի մարդ խաբված չլինի,
Մի հիվանդություն տարած չլինի,
Լացած չլինի...
Ամենահզոր մարդիկ էլ անգամ
Հուսահատվել են փնտրել բարեկամ
Եթե այդպես է, եղիր միշտ հպարտ,
Որ ծնվել ես մարդ:


Ես քո սիրով, դու՝ ուրիշի


Թափառում ենք փողոցներում
Ես քո սիրով , դու՝ ուրիշի,
Այրվում ենք մենք հրդեհներում՝
Ես քո հրով դու՝ ուրիշի:

Կարոտում ենք, խնդում, տխրում՝
Ես քո խոսքավ դու ուրիշի,
Սուզվում քաղցր երազներում՝
Ես քո տեսքով, դու ուրիշի:

Էհ ինչ արած, բախտը խռով,
Թող աշխարհում մեզ չհիշի,
Միայն ապրենք մենք սիրելով՝
Թեկուզ ես քեզ, դու՝ ուրիշի…


Ա՝խ, թե սիրտս


Ա՝խ, թե սիրտս մի ծով լիներ,
Ծովի նման ժիր, ալեկոծ...
Նա կպատմեր թափուր ափին
Մի հին հեքիաթ
պահված թաքուն ու դեռ չասված...
Ա՜խ, թե սիրտս մի ծով լիներ,
Իսկ դու անցորդ
ափին թափուր,
Նա կպատմեր հեքիաթը քեզ
Իր մեջ պահած դարեր ի վեր...
Ա՜խ, թե սիրտս մի ծով լիներ,
Էլ այս անգամ չէր դիմանա՝
Ալիքների անզուսպ թափով
կողողեր էությունդ
Ու կգոռար,
թե որքա՜ն շատ,
որքա՜ն երկար սիրել է քեզ...

Комментариев нет:

Отправить комментарий